Ավելի քան մեկ ամիս է՝ Ադրբեջանը չի արձագանքում Լեռնային Ղարաբաղի մշակութային արժեքների գնահատման նպատակով անկախ փորձագետների առաքելություն ուղարկելու ՅՈւՆԵՍԿՕ-ի հարցումներին, երեկ հայտարարեց ՄԱԿ-ի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունը։ Նոյեմբերի 20-ին կազմակերպությունը հատուկ հիշեցրել էր, որ պետությունները պարտավոր են պաշտպանել մշակութային արժեքները ռազմական բախումների ժամանակ այս մասին1954-ին ընդունված Հաագայի կոնվենցիային համապատասխան, որին միացել են թե Հայաստանը, թե Ադրբեջանը։ Հիշեցնելով փաստաթղթի դրույթներից մեկը, ըստ որի, որևէ ժողովրդի մշակութային արժեքներին հասցված վնասը նշանակում է վնաս համայն մարդկության մշակութային ժառանգությանը՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրե Ազուլեն առաջարկել էր փորձագետների հատուկ խումբ ուղարկել տարածաշրջան՝ առանցքային հուշարձանների նախնական ցուցակը կազմելու, հետագայում դրանք արդյունավետ պաշտպանելու համար։
Հայկական կողմը ոչ միայն ողջունել էր նախաձեռնությունը, այլև շարունակական դիմումներով ու հայտարարություններով ընդգծել՝ անհրաժեշտ է օր առաջ գործի անցնել։ Նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրից հետո ադրբեջանական վերահսկողության տակ են մնացել Շուշիի Ղազանչեցոց և Կանաչ Ժամ եկեղեցիները, Երկրագիտական, Պատմության թանգարանները՝ յուրօրինակ հավաքածուներով, Կերպարվեստի թանգարանը, որտեղ ցուցադրվում էին նաև Գառզու և Սարյան։ Հարուստ ժառանգություն է մնացել նաև Հադրութում՝ Տողի մելիքական ապարանքը, Կատարո վանքը (Կատարավանք), եկեղեցիներ և խաչքարեր։
Ադրբեջանի իշխանությունները, նախագահ Ալիևի գլխավորությամբ, առիթը բաց չեն թողնում հավաստիացնելու, թե մշտապես հոգացել են և այսուհետ էլ կշարունակեն ուշադրության կենտրոնում պահել հայկական հուշարձանները։
Անցած ամիս, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ալիևի հետ հեռախոսազրույցում հարց էր բարձրացրել հայկական վանքերը պահպանելու, եկեղեցական կյանքն ապահովելու մասին, Իլհամ Ալիևն, ըստ Կրեմլի, պնդել էր․ - «Բաքուն ամեն ինչ հասկանում է և միշտ է այդպես վարվում»։ Այդ դեպքում ինչո՞ւ է Ադրբեջանը ձգձգում ՅՈւՆԵՍԿՕ-ի անկախ փորձագետների այցը, պաշտոնապես չի հաղորդվում։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարության մեջ ընդգծում է, որ գործընթացն առաջ տանելու մի քանի փորձ են արել, բոլորն ապարդյուն։ «Մենք դեռևս սպասում ենք Ադրբեջանի պատասխանին, - հայտարարել է ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի օգնական Էռնեստո Օտոնեն: - Բաքվի որդեգրած դիրքորոշման պատճառով կորչում է ժամանակը, որն այնքան թանկ է հիմա»։
«Յուրաքանչյուր անցնող շաբաթն ավելի է դժվարացնում մշակութային արժեքների վիճակի գնահատումը՝ հատկապես հաշվի առնելով եղանակային պայմանները, որոնք առաջիկա շաբաթներին կվատանան։ Հրադադարի արդյունքում բացված հնարավորությունների պատուհանը չպետք է կրկին փակվի», - երեկ հայտարարել է ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի օգնականը՝ հավելելով՝ պատմական ժառանգության պահպանումը կարևոր պայման է կայուն և ամուր խաղաղության հասնելու համար։ «Ակնկալում ենք, որ Բաքուն անհապաղ կարձագանքի, որ վերջին մի քանի շաբաթներին տեղի ունեցած կառուցողական քննարկումները տեղափոխվեն գործնական փուլ», - ասել է ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի օգնականը։